Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ի տողատակը վառված է վաղուց

ԲՀԿ-ի տողատակը վառված է վաղուց
25.05.2013 | 19:37

Ասվեց, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք, բայց փակագծերը չբացվեցին` այընտրանք է ինչի՞ն: Իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:
Թվում է, թե սա նոր կարգավիճակ է քաղաքական դաշտում`մինչ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, համենայնդեպս, որևէ ուժ իրեն չի անվանել այլընտրանք, և ուրեմն չկա այլընտրանք ասվածի նախադեպային ձևակերպումը: Փոխարենը տարիներ առաջ, երբ հայտնվեց Տիգրան Կարապետյանի կուսակցությունը, շրջանառվեց «կենտրոնամետ» տերմինը: Խիստ անվնաս դիրքորոշում` քաղաքական դաշտում ընդդիմադիրի մորթով իշխանամետի կենսունակությունը պահելու համար, այնպես չէ՞: Այն ժամանակ Կարապետյանին շատերը ձեռք էին առնում, թե ասա` իշխանամետ, կենտրոնամետս ո՞րն է: Կենտրոնամետ ասվածը ոմանք շփոթում են «պետականամետ» եզրույթի հետ: Բայց կենտրոնամետի և պետականամետի տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում համեմատության դաշտ է վերցվում իշխանություն-ընդդիմություն թևերի հակադրությունը, երկրորդի պարագայում`պետության շահերը: Եթե ոմանք իշխանությանը սատարելը ադեկվատում են պետության շահերի հետ, ասեմ, որ միշտ չէ, որ իշխանության ներկայացրած փաստարկները այն հնարավորինս լավագույն փաստարկներն են, որոնք ծառայում են պետության շահերին:
ԲՀԿ-ի պարագայում` այլընտրանք ասվածը ուղիղ համեմատական է կենտրոնամետի, և ուրեմն` իշխանամետին կամ իմիտացիոն ընդդիմությանը: Մի ամերիկուհի լրագրողի հետ մի անգամ բանավիճում էինք, թե արդյոք կա տողատակ հասկացություն: Ես ասում էի` կա, ինքը` ոչ: Ի վերջո, մի տող գծեց, ասաց` հիմա էս տողի վրա բան կա: Ասացի` ոչ, բայց որ տողի վրա բան գրես ու ցանկանաս, որ տակը բան լինի, կլինի: Հիմա` եթե ԲՀԿ-ն ոչ քաղաքական մի կառույց լիներ, որը զբաղվում է, ասենք, ընտրությունների օրինակարգության պաշտպանությամբ, պայքարում է ընտրակաշառքների դեմ, հասարակությանը քարոզում է ընտրության գնալ հստակ տարանջատելով իշխանություն –ընդդիմություն սահմանը և նման այլ պետականամետ գործունեություն ծավալեր, այլընտրանք հասկացությունը գուցե պատճառաբանված լիներ: Բայց երբ իշխանամերձ կապերով կապված կուսակցությունը մեկ ընդդիմության «բաղչեքում է տռճիկ տալիս», մեկ էլ իշխանության պարտեզներում խելոք «արածում», տրամաբանական հարց է առաջանում, թե ԲՀԿ-ն վերջապես ինչ է իրենից ներկայացնում: Եվ հարցը կոնկրետ պատասխան է ակնկալում, քանի որ այս պարագայում արդեն իսկապես գործ ունենք պետության շահերի հետ: Թեև հաջորդ համապետական ընտրություններին 4-5 տարի կա, սակայն այսօրվանից պետք է տարանջատել քաղաքական դաշտում առկա ուժերն ու նրանց շահերը: Եթե քաղաքական կուսակցությունների մեջ կա մեկը, որը ամեն ընտրության շփոթության մեջ է գցում հասարակությանը ու ձայների հունձ անում, դա ԲՀԿ-ն է, ուրեմն և ոչ մի կուսակցություն այսքան վնաս չի տալիս հասարակությանը, որքան ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի դեպքում հստակ գիտենք, որ այն իշխանության կուսակցություն է: ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների պարագայում էլ բավականին հստակված է գործունեության ու որդեգրած արժեքների դաշտը, այլ բան է, թե ում մոտ դա ինչքանով է ստացվում, բայց ԲՀԿ-ի պարագայում ամեն անգամ գործ ունենք այն ուժի հետ, որը խաբում է ժողովրդին, գայթակղում իր` ընդդիմադիրի շինծու իմիջով ու անում իր «սև գործը»: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ի տողատակը վառված է քանիցս: Մնում է, որ այս պահին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հասարակության համար հստակ սահմանազատման հնարավորություն ստեղծեն՝ ԲՀԿ-ի առջև դնելով ընտրության պայմանը` այլընտրանք կոչվող լղոզված ձևակերպումից անցում կատարելու դեպի քաղաքական խիստ որոշակի արժեքների որդեգրման հարթակ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ